Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Ծա՛նր է «ընդդիմության առաջնորդի» փափախը փխրուն ուսերով այնպիսի գործչի համար, ինչպիսին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։ Այդ ծանրությունն ավելի է ընդգծվում ընդդիմության հրավիրած հերթական հանրահավաքից առաջ, երբ պարոն Սաղաթելյանը ստիպած է լինում բացատրել, թե որն է դրա նպատակն ու ուղերձը, որն է օրակարգը, ու հոլովել հալումաշ եղած այնպիսի կապակցություններ, ինչպիսիք են «երկրին սպառնացող հերթական կապիտուլյացիա»-ն, «Հայաստանի թրքացում»-ը և այլն, և այլն… Պարզվում է, սակայն, որ պարոն Սաղաթելյանը հավակնում է ոչ միայն ընդդիմադիր դաշտի «մեծն կոմբինատորի», այլ նաև անփույթ, եթե կուզեք՝ փնթի մանիպուլյատորի տիտղոսին, այլապես չէր անի պնդումներ ու հայտարարություններ, որոնք կսազեին երգիծանքի ժանրում ստեղծագործող գործիչներին։

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Եվ այսպես, պարոն Սաղաթելյանը «5-րդ ալիքի» եթերում նախահանրահավաքային իր հարցազրույցում հայտարարել է, թե իրենց թիվ մեկ օրակարգը շարունակում է մնալ իշխանության հեռացման պահանջը, ապա, անցնելով իր սիրելի ոլորտին՝ կոնսպիրացիային, հայտարարել է. «Մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հայտարարել ա էս ընթացքում, ընդ որում՝ մի քանի անգամ, որ սեղանին դրված փաստաթուղթ գոյություն չունի՝ իր հայտնի ԱԺ ելույթով և հարցազրույցում։ Եվ ուրախ կլիներ, եթե նման փաստաթուղթ լիներ։ Մի քանի օր առաջ պարզվեց, որ սեպտեմբերի 27-ի թվագրությամբ կա սեղանին դրված փաստաթուղթ, այսպես ասած՝ վաշինգտոնյան տարբերակ, ու երեք օր առաջ իր թվիթերյան գրառումով հաստատեց, որ կա սեղանին դրված ռուսական տարբերակ՝ 15 կետից բաղկացած։ Այսինքն՝ ակնհայտ ամեն օր նայել ա հայ մարդու աչքերին ԱԺ-ում ու ասել ա՝ փաստաթուղթ չկա։ Մենք գոռում էինք, որ կա փաստաթուղթ, ժողովո՛ւրդ ջան, ինքը խաբում ա ձեզ, բայց ինքը ասում էր՝ փաստաթուղթ չկա, ընդդիմությունը ստում ա»։ Ի՞նչ է ստացվում ասվածից։ Իշխան Սաղաթելյանը գաղափար անգամ չունի, թե ինչ է նշանակում բանակցային պրոցես, ինչ ասել է խնդրի կարգավորման առաջարկներ, տարբերակներ, և բանակցային սեղանի շուրջ ընթացող պրոցեսները, օրինակ՝ այս կամ այն փաստաթղթի աշխատանքային, «դրաֆտ» տարբերակի քննարկումը, դետալների համաձայնեցումը կամ վիճարկումը և այլ՝ աշխատանքային-գործավարական խնդիրներ չի տարբերում կողմերի ստորագրմանը ներկայացվող, այսինքն՝ վերջնական, փոխհամաձայնեցված, գրված, խմբագրված, սրբագրված փաստաթղթերից։ Նրա համար բանակցային սեղանի շուրջ ընթացող ցանկացած քննարկում «սեղանին թուղթ» դնել է, սեղանին դրված ամեն թուղթ էլ՝ անպայման ստորագրման ենթակա, և քանի որ տվյալ դեպքում ստորագրողը ենթադրաբար պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, հետևապես այդ ենթադրյալ ստորագրվելիք փաստաթուղթն անպայման կապիտուլյացիոն է։

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Մասնագիտությամբ միջազգայնագետ՝ մագիստրոսի կոչումով, Իշխան Սաղաթելյանը փաստորեն կարծում է, որ իր գործընկեր Գեղամ Մանուկյանի ձեռամբ «ինտերնետից քաշած», ԱԺ ամբիոնի մոտ պատառոտած, այսպես կոչված, «վաշինգտոնյան փաստաթուղթը» և ճիշտ նույն կերպ նաև՝ «սոչիյան փաստաթուղթը» վերջնական փաստաթղթեր են, դրանք դրված են Փաշինյանի և Ալիևի սեղանին, վերջիններս գրիչները պատրաստ պահած սպասում են ստորագրմանը, սակայն ՀՀ վարչապետը դավադրաբար ստում է՝ ժողովրդի աչքերի մեջ նայելով ու ասելով, որ ոչ մի փաստաթուղթ էլ չկա։ Հիմա տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ենթադրյալ, ըստ Սաղաթելյանի՝ «սեղանին դրված» փաստաթղթերի մասին և ինչ կոնտեքստում։ Մասնավորապես, սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: «Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի:

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- նշել էր վարչապետը։ Իսկ երբ այս հայտարարությունից հետ Իշխան Սաղաթելյանն ու նրա ընկերները թափվեցին Բաղրամյան փողոց ու ժողովրդին էլ նույնն անելու կոչ արեցին, ապա և սկսեցին «թուղթ ա ստորագրում» օպերացիայի անվան տակ իշխանափոխություն անել՝ վարչապետին իմպիչմենթ հայտարարելու գործընթաց սկսել, Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանեց, որ չկա ստորագրման առաջարկված որևէ փաստաթուղթ։ Իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին, Հ1-ին տված հարցազրույցում լրացուցիչ անգամ պարզաբանեց. «Տեսեք՝ շատ քննարկվում է՝ վայ ստորագրելու է, վայ ստորագրեց, վայ կստորագրի, թե չի ստորագրի… և տպավորություն է ստեղծվում, որ ստորագրման նախապատրաստած ինչ-որ թուղթ կա սեղանին, և խնդիրը էս վիճակում ա (ձեռքն է վերցնում գրիչը-խմբ.), և հիմա ստորագրե՞նք, թե՞ չստորագրենք։

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Եթե էդպես լիներ, դա բավականին լավ կլիներ, պրոբլեմն էն է, որ այսօր սեղանին ոչ մի ստորագրման ենթակա փաստաթուղթ չկա։ Որովհետև եթե լիներ, դա կլիներ շատ լավ, դա կնշանակեր, որ մենք աշխատանքի արդյունքում կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ մենք ստորագրե՞նք, թե՞ չստորագրենք: Հենց պրոբլեմը նրա մեջ է, որ թուղթ չկա սեղանին, որը հասած լինի այդ կոնդիցիայի, եթե կարելի է ասել, ստորագրել, թե չստորագրել։ Եվ եթե նախագիծ կա, ապա դրանք մեր կողմից են նախապատրաստված, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ»։ Փաշինյանը նաև հստակեցերց, որ խաղաղության պայմանագրի մասով տվյալ պահին ոչ մի տեքստ չկա, և ՀՀ ու ԱՀ ԱԳ նախարարները պետք է առաջիկայում (անցած հոկտեմբերի 2-ին) առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ «Մինչև էս պահը երբևէ չի եղել սեղանին դրած տեքստ, որը մենք պետք է ստորագրենք կամ չստորագրենք։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, մի քանի տարբերակ, և եթե մենք ենք այդ նախագծերի հեղինակը, ապա պատրաստ ենք դրանք ստորագրել։ Բայց, ցավոք, դրանք պատրաստ չէ ստորագրել Ադրբեջանը։ Եվ մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի էնպիսի տեքստեր գտնել, որ նաև ընդունելի կլինի դիմացինի կողմից…

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Իրականում եթե թուղթ լինի սեղանին ստորագրելու, դա կլինի շատ լավ նշան, որ մենք շատ մոտ ենք խաղաղությանը, և մտածելու բան կա, իդեալական չի էդ թուղթը, բայց մտածելու բան կա՝ արժի, թե չարժի այդ թուղթը ստորագրել»։ Ինչպես տեսնում ենք, պարոն Սաղաթելյանը աճելու բավական տեղ ունի՝ միջին կարգի մանիպուլյատորի մակարդակի հասնելու համար, քանի որ ասված խոսքերի ժամանակագրությունն անգամ ճիշտ չի ներկայացնում։

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Հուսանք՝ պարոն Սաղաթելյանի վերոհիշյալ հայտարարության հետևանքով ապակողմնորոշված հանրությունը կհամադրի ընդդիմադիր գործչի և վարչապետի տեքստերն ու հետևություններ կանի՝ ո՞վ է սուտասանը։ Իսկ մինչ այդ՝ մի կարևոր արձանագրում. եթե առաջնորդվենք պարոն Սաղաթելյանի տրամաբանությամբ, որ բանակցային սեղանին դրված ամեն թուղթ փաստաթուղթ է, հետևապես ենթակա է ստորագրման, ապա այդ դեպքում ԼՂ խնդրի կարգավորմանն առնչված բոլոր թղթերը (այդ թվում՝ գաղտնի), առաջարկներն ու սկզբունքները՝ Մադրիդյանից մինչև «Լավրովյան պլան», «ընդհանուր պետությունից» մինչև Քոչարյանի օրոք քննարկված «Մեղրիի տարբերակ», «սեղանին դրված» փաստաթղթեր էին, այսինքն՝ կարգավորման վերջնական, ստորագրման տարբերակներ։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կանգնում, նայում էին հանրության աչքերին ու անամոթաբար ստում էին, թե բանակցություններ են ընթանում, և «քանի դեռ բոլոր դետալները համաձայնեցված չեն, նշանակում է՝ ոչինչ համաձայնեցված չէ»։

Ընդդիմությունը կրկին դիմում է մանիպուլյացիայի

Նշենք, որ ՀՀ-ն, ըստ փաստագրված դեպքերի, մեկ անգամ է պատրաստ եղել (մոտ եղել) ստորագրել ԼՂ խնդրի կարգավորման փաստաթուղթ, և այդ մեկ անգամը Կազանում էր, 11 տարի առաջ՝ 5+2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերում, խաղաղապահների տեղակայում, ԼՂ հետաձգված կարգավիճակ, միայն թե ստորագրումը վիժեցրեց Ալիևը՝ գրպանից հանելով մի թուղթ, որի վրա գրված էին 10-ից ավելի նոր առաջարկներ։ Սերժ Սարգսյանն է վկայում։ Պարոն Սաղաթելյանն այդ ժամանակ, իհարկե, պատգամավոր չէր, բայց ԱԺ-ում պատգամավորի օգնական էր աշխատում և հավանաբար ականջի ծայրով լսած կլինի այս պատմության մասին։ Կազանի հանդիպումից առաջ, ի դեպ, Սերժ Սարգսյանը նշել էր, թե քննարկվելիք փաստաթուղթը «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չի», բայց «հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ, հիմնական պայմանագրի ստորագրման, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»:

Rating
( No ratings yet )
Like this post? Please share to your friends