ՀՀ տեղափոխված 3 գերիները առողջական լուրջ խնդիրներ ունեն, նրանք փոխանցվել են առաջնահերթության սկզբունքով․ Ո՞վքեր են նրանք
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր` դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 3 գերիները տարեց քաղաքացիական անձինք են։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։
«Նրանք Հայաստանին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են գերիների իրենց ցանկերը, որոնց վերջնական հաստատումից հետո գերիներին կփոխանակեն, հայկական կողմը փորձում է այդ գործընթացն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։
Ինչ վերաբերում է անհետ կորածների հայտնաբերմանն ու զոհերի մարմինների փոխանակման պայմանավորվածությանը, Ավինյանի խոսքով, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին, այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 244–ը նույնականացվել են, մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմնի հետազոտություններն արված են, և անհետ կորածների հարազատների ԴՆԹ–ի հետ համընկնումներ չեն եղել, 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում են։
Հիշեցնենք, որ անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անուններ։