Հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին գարեջրագործարանը․ Տեսեք, թե ինչ նպատակով են գարեջուրն օգտագործել հին աշխարհում
Ամերիկացի և եգիպտացի հնագետների խումբը հնագույն Աբիդոս քաղաքի տարածքում գարեջրագործարան է հայտնաբերել, որը, հավանաբար, ամենահինն է աշխարհում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Հնագետները գարեջրի գործարանում 20 մետր երկարությամբ և 2.5 մետր լայնությամբ 8 տարածք են հայտնաբերել՝ յուրաքանչյուրում մոտ 40 կավե տարա, որոնք օգտագործվել են ջրի և հացահատիկի տաքացման համար:
Եգիպտոսի հնությունների ծառայության գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրիի խոսքով, հայտնաբերված գարեջրագործարանը հավանաբար ստեղծվել է մոտ 5000 տարի առաջ թագավորած Նարմեր փարավոնի օրոք: Հնագիտական խմբի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Մեթյու Ադամսը հավելել է, որ գարեջրի գործարանում պատրաստված հեղուկներն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են ծիսական նպատակներով՝ իշխող էլիտայի արարողություններում:
1900-ականների սկզբին գործարանի գոյության մասին առաջինը հիշատակել են բրիտանացի հնագետները, բայց չեն կարողացել այն գտնել: